Սոսե 2016 Ժյուրիի կազմը

Սոսե 2016 Ժյուրիի կազմը
ՍՈՍԵ 2016 10 Sep, 2016

Անետա Երզնկյան

Կինոգետ / Հայաստան /

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրն է: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի արվեստաբանության գիտահետազոտական ինստիտուտում: 1973-89թթ աշխատել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչությունում` որպես ստեղծագործական մասնաճյուղի նախագահ, ապա` քարտուղար: 1977թ-ից դասախոսել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության ամբիոնում, 1996թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր է: 2000թ-ից նույն ինստիտուտում ղեկավարում է կինոգետների արվեստանոցը: Հեղինակել է կինոյին և հեռուստատեսությանը նվիրված մի շարք հոդվածներ և գրքեր: 2006թ. նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր, իսկ այժմ նույն ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկանն է: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

 

Կարինե Ջանջուղազյան

Դերասանուհի / Հայաստան /

1983 թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1979 թ-ից նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք ֆիլմերում: Աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ, Համազգային, Մետրո, Կամերային երաժշտական և Գոյ թատրոններում: Լրագրողական աշխատանքների և բազմաթիվ երգերի հեղինակ կատարող է: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2012 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Կնոջ կերպարի լավագույն դերակատար» անվանակարգում: 2012 թ.-ին արժանացել է «Վաստակավոր արտիստի» կոչման:

 

Դավիթ Հակոբյան

Բեմադրիչ, դերասան / Հայաստան /

1991թ. հիմնադրել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիան: 1992 թ. հրավիրվել է Երևանի Համազգային թատրոն` որպես դերասան և բեմադրիչ, որտեղ 2000-03 թթ եղել է տնօրենը: 2006 թ-ից Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրենն է: Խաղացել է ավելի քան 60 դեր մի շարք ներկայացումներում: Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական թատերական փառատոների` որպես ռեժիսոր և միջազգային ժյուրիի անդամ: Համագործակցել է Համազգային և Հ. Մալյանի անվանթատրոնների հետ` որպես դերասան: 1988 թ-ից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր: Երեք անգամ արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: 2008 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Զվիադ Դոլիձե

Ֆիլմերի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, արվեստագիտության դոկտոր / Վրաստան /

Հրատարակել է հինգ գիրք (երեք ձեռնարկ և երկու մենագրություն)` «Վրացական կինո», «Համաշխարհային կինոյի պատմությունը. Համր ֆիլմ», «Արևմտյան պատմություն և կինո», «Ակիրա Կուրոսավայի կինոաշխարհը» և «Համաշխարհային կինոյի պատմությունը. 1930-1960-ականներ», ինչպես նաև 40 գիտական հոդվածներ վրացական և արտասահմանյան պարբերական մամուլում: Վրացի կինոգործիչների միության անդամ է, մասնակցել է միջազգային կոնֆերանսների, եղել է մի քանի միջազգային կինոփառատոնների ժյուրիի անդամ, տարիներ շարունակ եղել է հեռուստահաղորդումների հեղինակ և հաղորդավար Վրաստանի մի շարք հեռուստաընկերություններում: 1992 թ.-ից դասախոսում է Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի համալսարանում:

 

Արթուր Էլբակյան

Դերասան, բեմադրիչ / ԱՄՆ /

Սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասան ԽորենԱբրահամյանի ղեկավարած կուրսը։ Որպես դերասան` աշխատել է  Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1985 – 1990 թթ. մասնակցել է մի շարք հեռուստատեսային և ռադիոբեմադրությունների: Հայկական հեռուստատեսությունում հեղինակել է մի շարք հաղորդաշարեր, բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է:

 

Փոլ Քերի Ջոնս

Երաժիշտ, դերասան / Մեծ Բրիտանիա /

Փոլ Քերի Ջոնսը ավարտել է Օքսֆորդի համալսարանը, Երաժշտության թագավորական ակադեմիան և Լոնդոնի օպերայի ազգային ստուդիան: 2013 թվականին ընտրվել է Երաժշտության թագավորական ակադեմիայի անդամ:

Որպես հրավիրյալ արտիստ` հանդես է եկել աշխարհի առաջատար մի շարք օպերային թատրոններում: Որպես դերասան` նա հայտնվել է «Օսթին» և «Փոբոլ ի Սի դաբլյու էմ» հեռուստադրամաներում, «Մարդը լուսնի վրա» ու «Փոքրիկ արքայազնը» ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ թատերական ներկայացումներում: Նրա երգերը որպես սաունդթրեք օգտագործվել են «Քո հետևի շողքը», «Շրջափակում» և «Բոդհիսատվա» ֆիլմերում:

Ֆարիդ Դմս Դեբա

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր / Ֆրանսիա /

Ֆարիդ Դմս Դեբան 24 տարեկանում հիմնել է իր գեղարվեստական ֆիլմեր արտադրող «DMS DEBAH Films» ընկերությունն ու որոշել կյանքը նվիրել կինոյին: Լիամետրաժ ու կարճամետրաժ, անիմացիոն բազմաթիվ ֆիլմերի, գովազդային հոլովակների ռեժիսոր է, տեսահոլովակների պրոդյուսեր: Միջազգային փառատոնների հաղթող է, որոշներում էլ հանդես է եկել որպես ժյուրիի անդամ:

 

Անատոլ Դուրբալա

Դերասան, ռեժիսոր / Մոլդովա /

Ծնվել է 1970 թ.-ին, ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի կինոյի և թատրոնի ֆակուլտետը, ունի գիտությունների դեկտորի աստիճան: Դուրբալան համագործակցել է մի շարք միջազգային կինոընկերությունների հետ, հեղինակել երկու գեղարվեստական ֆիլմի սցենար։ «Ինչ հրաշալի աշխարհ է»-ն նրա առաջին աշխատանքն է, որը ցուցադրվել է Վարշավայի կինոփառատոնում։

Մայա Վապցարովա, ռեժիսոր, սցենարիստ, Բուլղարիա

Վապցարովան 52 վավերագրական, 3 գեղարվեստական ֆիլմի և 5 գրքի հեղինակ է։ Աշխատել է միջազգային բազմաթիվ կինոընկերությունների ու փառատոնների հետ, Եվրոպական երկրներում արժանացել մի մրցանակների: Ծավալում է նաև հասարակական ակտիվ գործունեություն: