Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Սոսե 2016» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր երեկույթը:
Այս տարի կազմակերպիչները փառատոնի մեկնարկի համար ընտրել էին ոչ ավանդական տարբերակ: Փառատոնի մասնակիցներին, հյուրերին ու ժյուրիին միավորել էր «գինեխառն» երեկույթը:
«Երեկոյի գլխավոր նպատակն է գինու գավաթի շուրջ հավաքել կինոսերներին, իրար հետ կիսել կարծիքներ ու նոր գաղափարներ: Մենք միշտ բաց ենք նորանոր առաջարկությունների ու քննարկումների համար»,- բացման խոսքում նշեց կինոփառատոնի հիմնադիր նախագահ Ռիտա Խալաթյանը:
«Սոսե 2016»-ի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն տեղացի, այլև արտասահմանցի մասնակիցները: Դիանա Սկայան Կանադայից Հայաստան է եկել հատուկ կինոփառատոնին մասնակցելու համար:
«Պարտադիր ուզում էի մասնակցել հայկական կինոփառատոնի՝ չնայած որ ֆիլմի հայտը ուղարկվել է շատ այլ փառատոնների էլ: «Սոսե» կինոփառատոնում ինձ առավել գրավեց այն, որ գլխավոր թեման կինն է, իմ ֆիլմը շատ համահունչ է այս թեմային»,-ասում է հայկական արմատներով ռեժիսորը: Ի դեպ, նրա«Հայրիկիս» ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում:
«Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան է բերել խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։ Առաջիկա օրերին մասնակից ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:
Ֆիլմերը ցուցադրվելու են «Կինոպարկ» կինոթատրոնում, «Loft»-ում, «Նարեկացի» արվեստի միությունում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամում, «Երևան» համերգասրահում, ինչպես նաև Գյումրու երիտասարդական պալատում: Ցուցադրությունների ժամանակացույցը՝ այստեղ: