Սեփական ֆիլմը մեծ էկրանից դիտելու համար մեկօրյա այցով Հայատանում էր «Նորից և նորից» ֆիլմի ռեժիսոր Ալլա Չերեմիսինան: Ռեժիսորի ֆիլմը ներկայացված է «Սոսե» միջազգային կինոփառատոնին:
Ֆիմլի սյուժեն ծավալվում է մի աղջնակի շուրջ, ով գրասենյակի սովորական աշխատակցուհի է: Նա սիրային կապի մեջ է իր ամուսնացած տնօրենի հետ, սակայն երբ նրա կյանքում հայտնվում է մեկ ուրիշը, աղջիկը երկմտում է՝ ի՞նչ կարժենա իր համար կրկնվող կյանքի շրջապտույտից փախչելը: Կինոփառատոնի շրջանակներում սեփական ֆիլմի, ոգեշնչումների ու կնոջ մասին պատմում է ռեժիսոր Ալլա Չերեմիսիան:
– Ալլա՛, ինչպե՞ս առաջացավ ֆիլմի գաղափարը:
– Իրականում սցենարի հեղինակը ես չեմ, այլ տղամարդ, ով ինձնից տարիքով բավականին մեծ է: Սկզբում պատմությունը մի փոքր այլ էր: Այն պատմում էր 2 մարդկանց սիրո պատմության մասին, ովքեր հասարակության տարբեր շերտերից են: Հետո մենք աշխատեցինք սցենարի վրա, և այն լիովին փոխվեց: Ես, որպես կին և ռեժիսոր, ինձնից շատ բան ավելացրի տղամարդ սցենարիստի գրած սցենարին և այն այլ կերպ ներկայացվեց:
– Ի՞նչ խնդիր եք վերհանել Ձեր ֆիլմում:
– «Նորից և նորից»-ը կնոջ մասին պատմություն է, ով հայտնվել է մի իրավիճակում, որը նրա կյանքում անընդհատ կրկնվում է: Հերոսուհին կախվածություն ունի մի մարդուց ու հարաբերություններից, որոնք հնարավոր չեն իրականացնել ո՛չ իր, ո՛չ էլ տղամարդու համար: Ինձ համար սա սիրո մասին պատմություն չէ, ինչպես առաջին հայացքից երևում է: Սա պատմություն է կնոջ մասին, ով փորձում է իր տեղը գտնել կյանքում:
– Ֆիլմը նկարահանել եք ինքնաարտահայտմա՞ն համար, թե՞ լսարանին որևէ գաղափար եք փորձել հասցնել :
– Ինչ վերաբերում է ինքաարտահայտմանը, իհարկե կար: Սակայն ուզում էի մարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց շրջանում հաճախ հանդիպող շատ հասարակ իրավիճակի վրա՝ առանց արտառոց գործողությունների: Սա հաճախ հանդիպող իրավիճակ է, սակայն ոչ բոլոր տղամարդիկ կհասկանան՝ ինչու կանայք այսքան մտահոգություններ ունեն: Բայց միևնույն ժամանակ շատ կանանց համար այս թեման շատ ակտուալ է:
– Ի՞նչ եք կարծում, ավելի ազդեցիկ է կինը կնո՞ջ, թե՞ տղամարդու աչքերով:
– Տղամարդիկ կանանց ընդունում են մի փոքր ոչ այնպես, ինչպես կինն ինքն իրեն ու այլ կանանց: Ֆիլմը նկարահանելուց բախվեցի այն խնդրին, որ կանայք հաճախ չեն հասկանում` ինչու են այդպես վարվում:
– Իսկ ովքե՞ր են Ձեր արվեստի համար օրինակ ու ոգեշնչման աղբյուր եղել:
– Քանի որ ես դեռ 2 ֆիլմ եմ նկարահանել, հիմնականում ներշնչվում եմ անձնական հույզերից: Դրանք ոչ միշտ են ֆիլմում տեղ գտնում, բայց որոշակի էմոցիաներ, որոնք ստանում եմ տարբեր իրավիճակներից, արտացոլվում են իմ աշխատանքներում:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ է մրցանակը տալիս արվեստագետին:
– Մրցանակ ստանալը միշտ էլ հաճելի է՝ հատկապես սկսնակի համար: Այն ավելի ինքնավստահ է դարձնում. լավ է միշտ ինչ-որ բանի հավատալը՝ հատկապես նոր ճանապարհ սկսողների համար:
– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Սոսեից:
– Սա իմ առաջին ցուցադրությունն է մեծ էկրանին, և ես հուզվում եմ: Շատ կարևոր էր ինձ համար, որ մենք ընտրվեցինք, որ ֆիլմը դիտվում և քննարկվում է, և որ այն ապրում է: Որպես ռեժիսորի, դա ինձ համար շատ կարևոր է: Սա իմ երազանքների անձնական նշաձողն է: Շատ կարևոր ե, որ բոլոր նրանք ովքեր իրենց թեկուզ և փոքր լուման ունեն ֆիլմի ստեղծման մեջ , նկատվում և գնահատվում են :
Հարցազրույցը` Լիանա Անդրեյանի