Հարցազրույց «Shooting star» ֆիլմի ռեժիսոր Lyubo Yonchev-ի հետ
Ի՞նչը առիթ հանդիսացավ «Shooting star»-ը նկարահանելու համար:
Կանադացի մի երիտասարդ ռեժիսորի՝ Խավիեր Դոլանի աշխատանքները դիտելուց հետո ես հասկացա, որ ցանկանում եմ նկարահանել ֆիլմ, որի ոգեշնչման աղբյուրը մայրս էր: Նպատակը ցույց տալն էր, թե ինչի է մայրը պատրաստ սեփական երեխաներին պաշտպանելու համար:
Որտե՞ղ եք գտել պատմությունը:
Պատմությունն իմ երևակայության արդյունքն է, իսկ սցենարի հարցում իր աջակցությունն է ցուցաբերել երիտասարդ տաղանդավոր սցենարիստ Yassen Genadiev-ը: Ես պատմեցի նրան գաղափարս, իսկ վերջինս կյանք տվեց դրան թղթի վրա:
Ինչի՞ մասին է պատմությունը: Ի՞նչ է դա նշանակում:
Պատմությունը մի ամուսնալուծված կնոջ՝ Լիլիի մասին է, ով երկու երեխաների՝ Մարտինի և Ալեքսադրայի մայրն է: Մի ցուրտ ձմեռային երեկո Մարտինը Ալեքսանդրային վերցնում է մանկապարտեզից, տան ճանապարհին դժբախտ դեպք է պատահում, որը հետո պետք է հանգեցներ բարդագույն որոշումների կայացման, ինչն էլ հետագայում նաև նրանց կյանքի բարելավման:
Սա մորս հանդեպ հարգանքի տուրքի պես մի բան է:
Ինչպե՞ս եք բացահայտել և զարգացրել ֆիլմի հերոսներին:
Ինչպես ասացի՝ մայրս պատմության կենտրոնում է: Ես նաև փոքր քույր ունեմ, իսկ որդու նախատիպը ինքս եմ: Իհարկե, ֆիլմը գեղարվեստական է, բայց սա զգացմունքների և հոգատարության մասին է:
Դժվար էր սկսե՞լը, թե՞ շարունակելը:
Չգիտեմ: Ամեն անգամ տարբեր է: Յուրաքանչյուր նախագիծ տարբեր պատմություն ունի: Երբեմն հեշտ է սկսելը սկզբից, իսկ երբեմն էլ շարունակել արդեն ավարտուն պատմությունը: Ինձ համար կարևոր է սրտիս և հոգուս մեջ պատմությունը խորապես զգալը:
«Shooting star»-ն արդեն բազմաթիվ մրցանակներ է ստացել, ի՞նչ դեր ունեն դրանք ֆիլմի կայացման հարցում:
Ես կարծում եմ, որ շատ փառատոններ նախընտրում են ընտանեկան և անհատական պատմությունները, բայց դա առիթ չի հանդիսացել այս ֆիլմը նկարահանելու համար: Երբ ուսանող էի, նախընտրում էի թրիլերներ, սարսափ ֆիլմեր նկարահանելը, բայց ժամանակի հետ բացահայտեցի՝ իմ «ուժ»-ը դրամատիկ պատմությունների մեջ է: Իհարկե, կատակերգություններ ևս ցանկանում եմ նկարահանել, բայց այդ ժանրը բավականին բարդ է:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կլիներ ամեն ինչ, առանց մրցանակների:
Ես երբեք չեմ մտածել, թե այսքան հաջողված այն կլիներ, բայց բոլորն էլ ուրախ են մրցանակների արժանանալու համար:
Մրցանակները փոխո՞ւմ են ֆիլմերի «կյանք»-ը, ի՞նչ կերպ:
Այո, իհարկե: Յուրաքանչյուր նոր մրցանակ հնարավորություն է տալիս ավելի շատ ընտրությունների և «ստեղծում» ավելի լավ կենսագրություն ռեժիսորի համար:
Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները անվանակարգերում հայտնվելու ժամանակ, դրանք տարբե՞ր են:
Անվանակարգերում առաջադրվելն ու մրցանակները ինձ հույս են տալիս և խթան հանդիսանում առաջ գնալու համար:
Ի՞նչպիսի արձագանքներ եք ստանում Ձեր գործընկերներից նման պարագաներում:
Իհարկե, նրանք ուրախ են ինձ համար: Միգուցե նրանց մի մասը մի փոքր նախանձում է, բայց ես պայքարել եմ այս հաջողության համար և արել ամեն ինչ դրա իրականանալու համար:
Ինչպիսի՞ դժվարություններ եք տեսնում:
Առաջին հերթին՝ փողը, քանի որ մի շարք հեղինակավոր փառատոններ ունեն այնպիսի մուտքավճարներ, որոնք անհասանելի են երիտասարդ անկախ ռեժիսորների համար: Երկրորդ՝ լավ պատմությունը և երրորդ՝ պակասը վստահված մարդկանց:
Ո՞րն էր ամենակարևոր դասը, որ ստացել եք «Shooting star»-ը ֆիլմից:
Կարևորագույն դասը, որ ստացա իմ ֆիլմից հետևյալն էր՝ միշտ վստահիր զգացողություններիդ և երբեք մի հուսալքվիր:
Նշենք՝ Lyubo Yonchev-ը և Yassen Genadiev-ը ստացել են ԼԱՎԱԳՈւՅՆ ՍՑԵՆԱՐ 2015 մրցանակը Sose International Film Festival-ում Shooting Star ֆիլմի համար: Այժմ այն հայտնվել է . Short Film Corner-ում (Festival de Cannes 2016), մայիսի 11-22: