Հայազգի ռեժիսոր Աննա Գորոյանը «Սոսե 2016»-ի հատուկ հյուրերից էր: Նրա «Բժիշկը» ֆիլմը, որը պատմում է չեչենական առաջին պատերազմի ժամանակ Գրոզնիում մնացած մի բացառիկ վիրաբույժի մասին, ներկայացված էր կինոփառատոնի «Անկախություն» հատուկ մրցույթային ծրագրում: Մեզ հետ զրույցում Աննան պատմում է իր մանկության, ռեժիսորական առաջին քայլերի, Հայաստան այցի և սպասվելիք ֆիլմերի մասին:
– Ա՛ննա, պատմեք, խնդրեմ Ձեր մասին, որտե՞ղ եք ծնվել, մեծացել, ի՞նչ հիշողություններ ունեք մանկությունից և որքանո՞վ են այդ հիշողությունները ազդեցություն ունեցել ձեր այսօրվա գործունեության վրա:
– Ինձ բախտ չի վիճակվել ունենալ անհոգ մանկություն:
Ծնվել եմ Գրոզնիում (Չեչենիա) Առաջին չեչենական պատերազմի ժամանակ (1991թ):
Տեղափոխվել եմ Արմավիր քաղաք, որը, ի դեպ, երբեք իմը չեմ համարել: Այնուհետև ապրել եմ Մոսկվայում:
Այդ շրջանը, բնականաբար, հեշտ լինել չէր կարող և դաստիարակեց բնավորությանս մեջ հստակ գծեր. տպավորություն կա, թե պետք է անընդհատ պայքարեմ և շտապեմ ինչ-որ տեղ: Հասակակիցներիցս շատերն են այդ փուլում նման դժվարությունների բախվել:
– Նախքան կինոռեժիսոր դառնալը, դուք բավականին երկար ուղի եք անցել…
– Այո՛, սկզբում սովորում էի ֆիզմաթում, հետո լեզվաբանական ինստիտուտում, որոշ ժամանակ աշխատել եմ ԳԱԶՊՐՈՄ-ում: Սակայն եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուզում եմ փոխել մասնագիտությունս: Նախ որոշեցի ստեղծել ֆիլմեր, որոնք սկզբում սիրողական բնույթ էին կրում, հետո ցանկություն ունեցա պրոֆֆեսիոնալ մակարդակով զբաղվել սիրածս գործով: Փնտրտուքները շարունակվում են, բայց միայն կինոյում:
– Ո՞ր ֆիլմը դարձավ առաջինը Ձեզ համար և ի՞նչ հաջողություններ ունեցավ:
– Առաջին ֆիլմս խաղարկային էր, և, իմ կարծիքով չստացված. խնդիրներ կային թե՛ սցենարի, թե՛ դերասանական կազմի հետ կապված…
Այդ շրջանում ես չունեի բավականաչափ փորձ, ինձ շրջապատում էին մարդիկ, ովքեր, առաջ տանելու փոխարեն, ետ էին հրում ինձ:
– «Բժիշկը» Ձեր ավարտական աշխատանքն է: Ի՞նչ դժվարությունների հետ է հիմնականում առնչվում Ռուսաստանում ապրող ուսանող-ռեժիսորը ֆիլմ նկարահանելիս:
– Այստեղ գրեթե նույն խնդիրներն են նորաթուխ ռեժիսորների մեծամասնության մոտ: Ի տարբերություն Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի՝ մեզ մոտ ֆինանսավորում չկա: Սա է հիմնական դժվարությունը:
– Խնդրում եմ պատմեք՝ ինչու՞ որոշեցիք չեչենական պատերազմի մասին ֆիլմը նկարահանել Հայաստանում:
– Այդ հարցում ինձ ուղորդեց իմ վարպետը` Ալեքսանդր Պրոշկինը, ով անընդհատ ասում էր, որ պետք է գնամ Հայաստան, իմ ֆիլմին անհրաժեշտ է Հայաստանի բնությունը: Բայց այստեղ ես հայտնվեցի պատահական, և հասկացա, որ Հայաստանը բնությամբ շատ մոտ է Գրոզնիին:
– «Բժիշկը» ֆիլմը պատմում է չեչենական պատերազմի, այդ օրերին չեչեն ժողովրդի ծանր վիճակի մասին: Դուք, ինչպես նշել եք հարցազրույցներից մեկում, փորձել եք կոտրել կարծրատիպը ՝այդ ժողովրդին ցույց տալով այլ՝ոչ բացասական տեսանկյունից:
Ձեր հաջորդ ֆիլմը հայերի և Հայաստանի մասին է: Կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք նպատակ եք դրել ֆիլմերի միջոցով փոքր ազգերի ինքնության խնդիրը վերհանել:
– Հետաքրքիր հարց է իրականում, բայց խնդիրն այստեղ այլ է. «Բժիշկը» ոչ թե չեչենների մասին ֆիլմ է, այլ կոնկրետ և իրական անձնավորության՝ իմ հորեղբոր, ով ապրում էր Չեչենիայում և օգնում էր մարդկանց: Սա պատմություն է համամարդկայինի,այլ ոչ թե ազգայինի մասին: Իսկ այն, ինչ ես ցանկանում եմ անել Հայաստանի մասին իմ նոր ֆիլմում,բացարձակապես այլ ժանրի աշխատանք է: Ֆիլմը ոչ թե կփորձի ազգային նկարագիր տալ կամ ինքնության խնդիր վերհանել, այլ առաջին հերթին կլինի հասարակ մարդկանց մասին և կշոշափի այն թեմաները, որոնք ինձ տպավորել են:
– Դուք ձեր ֆեյսբուքյան էջում խոսեցիք Տերրի Ջորջի ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից՝ նշելով, որ անհամբեր սպասում եք պրեմիերային: Ի՞նչ եք կարծում, շանսեր ունի ֆիլմը «Օսկարին» նոմինացվելու:
– Դուք ուսումնասիրե՞լ եք իմ ֆեյսբուքյան էջը (ծիծաղում է): Այո, ես գտնում եմ, որ ֆիլմը շանսեր ունի, չնայած որ դեռ չեմ տեսել այն:
– Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ ցեղասպանությունը չպետք է արվեստի նյութ դարձնել: Դուք ինչպե՞ս եք վերաբերում նման թեմատիկ ընդգրկում ունեցող ֆիլմերին:
– Հետաքրքիր է ասել… Ո՛չ, ըստ իս, այդ մասին պետք է խոսել բարձր ու լսելի ձայնով: Ճիշտ է ՝ ես ինքս այս թեմայով առայժմ չեմ տեսնում նոր ասելիք և ֆիլմ նկարահանել չեմ պատրաստվում, բայց հրաշալի է, որ այդ թեման հետաքրքրում է արտասահմանցիներին:
– Ո՞ր ռեժիսորն է ազդեցություն ունեցել Ձեր մասնագիտական որակների վրա:
– Ես տարբեր փառատոնների եմ հետևում, բայց կցանկանայի առանձնացնել Փարաջանովի ֆիլնմերը՝ որպես ինձ վրա մեծ ազդեցություն թողած աշխատանքներ: Դրանք, անշուշտ, իմ աշխատանքային ժանրին չեն պատկանում, բայց ես Փարաջանովին չափազանց շատ եմ սիրում:
Հարցազրույցը՝ Օֆելյա Սիմոնյանի