«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին ներկայացնում է 132 ֆիլմ 39 երկրից։

Ի սկզբանե, «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ էր ներկայացրել 61 երկրի ներկայացուցիչ:  Նախըտրական փուլն անցել և  մրցութային ծրագրերում ընդգրկվել է 132 ֆիլմ 39 երկրից։ Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են 69, «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրում՝ 23, իսկ «Ուսանողականում»՝ 40 ֆիլմ: Այս տարի նախըտրական միջազգային հանձնախմբի կազմում են Իտալիայից մեր հայրենակից,  ռեժիսոր Սոնա Ստեփանյանը, Շվեդիայից կինոգետ Էվա Լինդբորգը և Մեծ Բրիտանիայից կինոքննադատ Պատրիկ Յոհանսոնը:

«Այս տարվա հայտերը տարբերվում են անցած տարվանից, ինչը  կանոնակարգի խստացման, կինոփառատոնի տարեց տարի աճող համբավի արդյունքն է։ Դրա վառ ապացույցն է այն, որ այս տարի մասնակցության հայտ են ուղարկել այնպիսի ֆիլմեր, որոնք մասնակցել են միջազգային բարձրակարգ փառատոններում, մի քանիսը նաև մրցանակակիրներ են, իսկ ֆիլմերում ներգրավված են այնպիսի արվեստագետներ, ովքեր ունեն բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն։ Այնպես որ այս տարի հետաքրքիր կինոդիտումներ են սպասվում», – ասում է 4-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնի  հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը և  հիշեցնում՝ նախըտրական հանձնախմբի առջև պատասխանատու և դժվար առաջադրանք էր դրված՝ հնարավորինս խիստ մոտենալ ընտրությանը։

Մեզ հետ զրույցում ռեժիսոր Սոնա Ստեփանյանը, ով նախնական ընտրական հանձնախմբում դիտել է «Ուսանողական» մրցույթային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, 114-ից առանձնացրել է 40-ը։ «Որոշ ֆիլմեր դիտելիս կասկածում էի՝ արդյո՞ք ուսանողական գործեր են, թե ոչ.  այդքան կայացած ու ամբողջական աշխատանքներ են, որտեղ նկատելի է  հեղինակի՝ և՛ կինեմատոգրաֆիկ ոճը, և՛պատմություն կառուցելու հմտությունը։ Կարծում եմ՝ հետաքրքիր ու բազմաոճ կինոդիտումներ են սպասվում», -տպավորությունների մասին պատմում է  ռեժիսորը և հավելում՝ ուսանողական ֆիլմերի միջև  մի  ընդհանրություն է նկատել, – «Էմիգրանտի ճակատագիրը այն ակտուալ խնդիրներից է, որ արժանացել է մի շարք հեղինակների ուշադրությանը։ Այս թեմայով մի քանի ֆիլմեր անցել են նաև մրցութային ծրագիր»:

Ռեժիսորը ֆիլմերի միջև ոչ միայն թեմատիկ, այլև ոճական նմանություններ է գտել: Նա նաև անդրադարձել  է հայ ուսանողների ներկայացրած աշխատանքներին՝ ցավով նշելով, որ մեր ֆիլմերը մի շարք առումներով թույլ են մատուցված. «Հայկական ուսանողական ֆիլմերն ինձ խնդրի առաջ կանգնեցրին։ Դիտե՛ք ընտրված ֆիլմերը և կհամոզվեք,  որ ակնհայտ զիջումների եմ գնացել։ Մեր ֆիլմերը մրցակցությունից դուրս են մնում, բայց գոնե հաջորդ փուլն անցնելով՝  հեղինակները  կտեսնեն միմյանց աշխատանքները, կհամեմատեն, կփորձեն  զարգացնել  մասնագիտական հմտությունները»:

Ըստ Սոնա Ստեփանյանի՝ մեր երկրի  համապատասխան ուսումնական հաստատություններում պետք է ընդգրկել «Պատկերի մշակույթ» առարկան: Նրա խոսքով՝ մեր ուսանողների կողմից ներկայացված Ֆիլմերը թույլ են շատ առումներով, առաջին հերթին  պատկերի, որի հանդեպ հեղինակի  կողմից մակերեսային մոտեցում է նկատում, թույլ է նաև մոնտաժը, որը դիտողին խանգարում է տեսածն ընկալել որպես ֆիլմ, դերասանական խաղ: «Վերջնական որոշումը պետք է կայացնի ժյուրին, բայց կարծում եմ, որ արտերկրից լուրջ աշխատանքներ կան, որ մեզ հնարավորություն չեն թողնում հաղթելու։ Ցավով եմ խոսում այս մասին, չկարծեք, թե թերագնահատում եմ մեր ուսանողներին։ Համոզված եմ՝  մեծ ներուժ ունենք, պարզապես պետք է վերանայենք մեր մոտեցումները կինեմատոգրաֆի նկատմամբ։ Եթե հայկական ֆիլմերը չլինեն հաղթողների ցանկում, դա պարտություն չեմ համարի մեզ համար, այլ հնարավորություն՝ մեզ վրա աշխատելու, որակային բարձր ուղենիշի ձգտելու եւ հասնելու համար», – ասել է նա:

«Կինոն ինձ համար առաջին հերթին պատմություն է՝ պայմանավորված ռեժիսորի երևակայությամբ, ճաշակով և ինտուիցիայով»: Մեծ Բրիտանիայից կինոքննադատ Պատրիկ Յոհանսոնը հաճախ է մասնակցում  աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոններին, քանի որ սիրում է  հայտնաբերել իրեն անծանոթ երկրների ստեղծագործողներին:

«Ինչպես ասում է անգլիական հին ասացվածքը. «Ծովում դեռ նույքնան  լավ ձուկ կա, ինչքան դուրս է բերվել ծովից» “There are as good fish in the sea as ever came out of it”։ Սոսե միջազգային կինոփառատոնում նախնական ընտրական հանձնախմբում ես դիտել եմ հիմնական մրցութային ծրագրի ֆիլմերը և ֆիլմեր են եղել, որոնք դիտել եմ մի քանի անգամ, ունեմ իմ ֆավորիտներին և ընտրել եմ ռեժիսորների, որոնց հետագա ֆիլմերին շարունակելու եմ հետևել:  Արդեն ունեմ հոդվածներ երկու ֆիլմի մասին, որոնք անշուշտ կհրապարակեմ կինոփառատոնի ավարտից հետո։ Շնորհակալ եմ  նախնական ընտրությունն ինձ վստահելու համար, իսկ Սոսե միջազգային կինոփառատոնին մաղթում եմ հաջող փառատոնային տարի»։

Շվեդիայից կինոգետ Էվա Լինդբորգն էլ  հերթով դիտել և ընտրություն է կատարել «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրում ներկայացված հայտերի միջև.  «Կանանց  թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ ինքս շատ ակտիվ զբաղվում եմ կանանց իրավունքների պաշտպանությամբ, հատկապես  պայքարում եմ թրաֆիքինգի դեմ։ Ֆիլմերում նաև արծարծվում է թրաֆիքինգ երևույթը, որն այսօր աշխարհում լրջագույն խնդիր է: Ֆիլմեր կային, որոնք պարզապես  հիացրեցին իրենց գեղարվեստական լուծումներով»,- ասում է Էվա Լինդբորգը: Ի դեպ, շվեդ կինոգետն առաջին անգամ Հայաստանի մասին լսել է ընկերոջից: Խոստովանում է՝ տպավորված է մեր  երկրի պատմությամբ, մշակույթով և տեսարժան վայրերով, որոնց առայժմ ծանոթ է միայն համացանցի միջոցով։

«Սոսե միջազգային կինոփառատոնը շատ սիրեցի, քանի որ մոտեցումը շատ պրոֆեսիոնալ է և կարող է դառնալ աշխարհի լավագույն կինոփառատոններից մեկը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հիմնադիրներին, որոնց հետ մի քանի ամիս աշխատեցի և նրանք ինձ հարազատ դարձան», – ասում է նա:

Կինոգետը բոլոր մասնակիցներին մաղթում է հաջողություն, իսկ հիմադիրներին հայտնում է իր խորին շնորհակալությունը կինոյում իր  նոր բացահայտումների համար։

Սոսե միջազգային կինոփառատոնի կինոդիտումները կանցկացվեն  2017թ.-ի օգոստոսից հոկտեմբեր։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։ Այս տարի կինոսերների համար հետաքրքիր կինոդիտումներ են սպասվում:

Նազենի Բաղդասարյան