ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ

2014 թ-ի ապրիլի 18-ին Զիս Մշակույթի Կենտրոնը կազմակերպեց Սոսե Կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով։ Փառատոնին մասնկացում էին այն ֆիլմերը, որոնց բուն թեման կինն էր։

Կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։ Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, և թե՛ որպես իր ազգի նվիրյալ։

Տեսնելով փառատոնի հանդեպ ստեղծագործողների հետաքրքրությունն ու դրական արձագանքները, լսելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու առաջարկությունները՝ 2015թ-ին Զիս Մշակույթի Կենտրոնը որոշեց ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը և այն հայտարարվեց Սոսե Միջազգային Կինոփառատոն։ Մեր տարածաշրջանի համար շատ կարևոր է միջազգային միջոցառումների կազմակերպումն ու փորձի փոխանակումը, մշակութային երկխոսությունը, համագործակցելու հնարավորությունը։

2015թ-ին Կինոփառատոնը ընդգրկեց ևս երկու՝ «Պահպանի՛ր մարդուն» հատուկ մրցութային ծրագիր, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին և «Ուսանողական» մրցութային ծրագիր։

2016թ-ին հատուկ թեմաներն էին «Անկախություն» և ջուրը՝ վերնագրված «H2O»:

Սոսե Միջազգային Կինոփառատոնը 2017թ-ից ընդլայնում և փոխում է իր ձևաչափը․

 

Նպատակը

Համաշխարհային կինոն օրեցօր առաջ է ընթանում, ապրում է իր բնականոն զարգացման փուլերը, փորձի փոխանակումն ու վարպետաց դասերն առաջնային են աշխարհի բոլոր ստեղծագործողների համար՝ անկախ կրոնական ընկալումներից, քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակից։ Ի վերջո արվեստը պատմում է մարդուն մարդու մասին, այն միաժամանակ կռիվ է և ներդաշնակություն, իրականության և պատրանքների բախում, որ ապրեցնում է մարդուն։

Կինոփառատոնի գերնպատակն է այսօրվա կինոն և նրա զարգացումը տարածաշրջանում։

Մեր տարածաշրջանն ունի ակնհայտ խնդիրներ ֆիլմարտադրության ոլորտում և չափազանց կարևոր է շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոգործիչների հետ։

Կինոփառատոնը ծրագրել է աշխարհի տարբեր ծայրերից հրավիրել ֆիլմարտադրության ոլորտի ներկացուցիչներին և ծավալել տարատեսակ միջոցառումներ, ներգրավել ոլորտի ուսանողներին այդ միջոցառումներում և տրամադրել հարթակ իրենց առաջին քայլերը ներկայացնելու համար։

 

Սոսե Միջազգային Կինոփառատոնի կարևորությունը հասարակության կյանքում

Յուրաքանչյուր հասարակություն հանդիսանում է տվյալ ժամանակաշրջանի, բնակավայրի և արժեհամակարգի ծնունդ։ Պետք է նշել, որ հասարակության ձևավորման համար շատ կարևոր է մշակութային ժառանգությունը՝ թե նա ինչպիսի՞ վերաբերմունք ունի առաջին հերթին իր սեփական արմատներին ու մշակույթին և թե ինչպե՞ս է կարողանում գնահատել, ընկալել, հարգել այլ ազգի մշակութային արժեքները։

Ֆիլմը, լինելով ձայնային և վիզուալ պատկերների համակցում, շատ ավելի խորն է թափանցում մարդու ենթագիտակցության մեջ և ձևավորում աշխարհընկալում։

Սոսե միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի շնորհիվ հասարակությունը առնչվում է կառուցողական համամարդկային արժեհամակարգին։