Սոսե 2016 միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիս

Հայտնի է «Սոսե» կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմը Ինը հոգուց բաղկացած ժյուրիի կազմը ներկայացվեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Բանախոսներն էին փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը, ժյուրիի անդամներ կինոգետ Անիտա Երզնկյանն ու դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը:

Նրանք ներկայացրեցին փառատոնի առաքելությունը, ֆիլմացանկը, ժյուրիի կազմը, նախատեսված միջոցառումները և ոչ միայն: Այս տարի «Սոսեն» անցկացվելու է սեպտեմբերի 23-30-ը: Այդ օրերին փառատոնը կինոսերներին կներկայացնի մրցութային ծրագրում ընդգրկված 104 ֆիլմ՝ աշխարհի 38 երկրներից: 61 երկրներից ուղարկված 336 հայտերից ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել են կինոռեժիսոր Աննա Բայաթյանը (Հայաստան), կինոռեժիսոր, պրոդյուսեր Լյուբո Յոնչևը (Բուլղարիա) և կինոքննադատ Մարիսյա Բիլսկան (Լեհաստան):

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» և «H²O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում և «Ուսանողական» մրցութային ծրագրում: Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:

«Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են Հայաստանից կինոգետ Անետա Երզնկյանը, Բուլղարիայից` ռեժիսոր, սցենարիստ Մայա Վապցարովան, Մեծ Բրիտանիայից` երաժիշտ, դերասան Փոլ Քերի Ջոնսը, իսկ կարժամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, Մոլդովան` ռեժիսոր, սցենարիստ Անատոլ Դուրբալան, Ֆրանսիան` ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Ֆարիդ Դմս Դեբան, իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանից ընդգրկված է դերասան, ռեժիսոր, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, Վրաստանից` պատմաբան, արվեստագիտության դոկտոր Զիվադ Դոլիձեն, ԱՄՆ-ից` մեր հայրենակից, դերասան, բեմադրիչ Արթուր Էլբակյանը»,- նշեց Ռիտա Խալաթյանը:

Ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը, խոսելով ընտրված ֆիլմերի մասին, նշեց, որ մեկ ընդհանուր գիծ է նկատել. «Բոլոր ֆիլմերում ես տեսնում եմ մի առանձնահատկություն, որը, իհարկե, տխրեցնում է ինձ: Գրեթե ամեն տեղ կինը ներկայանում է ընկճված, բոլոր ֆիլմերում առկա են խիստ միայնությունն ու հուսահատության ճիչը: Իսկապես մի ներքին պահանջ առաջացավ, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեն և դիտեն այս ֆիլմերը»:

Կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանին էլ դուր է եկել հատկապես ֆիլմերի բազմազանությունը. «Միջազգային ֆորմատն արդեն պարտավորեցնող է և նշան է այն բանի, որ փառատոնը չի դոփում տեղում, այլ զարգանում է: Հույս ունեմ՝ փառատոնը կունենա երկար կյանք, և մենք ականատես կլինենք հետաքրքիր բացահայտումների»:

«Սոսե» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում, ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում: