Սեպտեմբերի 7-ին կայացավ «Սոսե» միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս

Ասուլիսի ընթացքում «Սոսե» 2017 միջազգային կինոփառատոնի»  կազմակերպիչները ներկայացրեցին  արտամրցութային և մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմացանկը, կինոդիտումների օրերը, ծրագրային այլ  մանրամասներ, ինչպես նաև ամփոփեցին  նախորդ  տարիների գրանցած արդյունքները:

Կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):  Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»: «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրի ֆիլմերի  հեղինակները ներկայացնում են կնոջ արժանիքները, խնդիրները, իրավունքները, նվաճումները, կարողությունները և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարումը:

«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ, Լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող – ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող – ռեժիսորին կտրվի պատվոգիր։

«Այս տարի մենք ունեցանք որոշակի ձևաչափային փոփոխություններ: Ինչպես գիտեք, Սոսեն ընթանում էր «Բովանդակությունը՝ կին» խորագրի ներքո: Հավատարիմ մնալով մեր որդեգրած ավանդույթներին՝ կինոփառատոնը շարունակելու է խոսել կանանց մասին մշակույթի լեզվով՝ «Բովանդակությունը՝ կին» թեմատիկ մրցութային ծրագրի շրջանակում։ Սակայն կինոփառատոնը դուրս է եկել թեմատիկ սահմանափակումներից: Այս տարին կինոփառատոնին մասնակցում է   39 երկրից 132 ֆիլմ, որոնցիցի շատերը  ներկայացված են եղել միջազգային բարձրակարգ փառատոներում, որոշները  նաեւ մրցանակակիրներ են, իսկ ֆիլմերում ներգրավված են այնպիսի արվեստագետներ, ովքեր ունեն բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը:

Այս տարի կինոփառատոնը ընդլայնել է իր շրջանակները և համագործակցում է հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի հետ, որը հնարավորություն կտա  բոլոր մրցանակակիրների գաղափարներն ու  նախագծերը ներկայացնել հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին,  ինչպիսիք  են Warner Brothers, New Line Cinema, Echo Lake Entertainment, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն:

«Այս 4 տարիների ընթացքում մենք ձգտել ենք համագործակցության եզրեր փնտրել  արտերկրյա տարբեր կինոկազմակերպությունների, կինոգործիչների հետ: Հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի համագործակցության  ձևավորումն այս տարվա ձեռքբերումներից է:

Սոսե 2017-ի մրցանակակիրները հնարավորություն կունենան 1 տարի շարունակ ներկայացնել իրենց ծրագրերը, մտքերը, գաղափարները հանրահռչակ պլատֆորմի շրջանակներում: Անկախ նրանից, հաղթել են, թե ոչ, մեր մյուս մասնակիցները նույնպես շուրջ 3 ամիս iPitch.tv պլատֆորմին մասնակցելու հնարավորություն կունենան:

Սա դեռ ամենը չէ: Սեպտեմբերի 10-ին մենք կհայտարարենք մրցույթ, որի շրջանակում հայ կինոագործիչները կներկայացնեն իրենց նախագծերը, լավագույները նույնպես հնարավորություն կունենան հայտնվելու iPitch.tv պլատֆորմում»,- ընդգծելով կինոփառատոնի դերն ու նշանակությունը ասել է  «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը:

«Հայկական կինոարտադրությունը կրում է լոկալ բնույթ, այսինքն` փակ է: Մենք ֆիլմեր ենք արտադրում, որոնք գրեթե դուրս չեն գալիս Հայաստանի սահմաններից: Այս առումով «Սոսեն» շատ կարևոր առաքելություն է իրականացնում` հարթակ տալով տեղի և արտերկրի  կինոարտադրողին ներկայացնելու իր նախագծերը, ֆիլմերը, սցենարները, գաղափարները վաճառքի գործակալներին»,-հավելել է «Սոսե» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Ասուլիսին ներկա սցենարիստ, ռեժիսոր «Սոսե» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ Մարինե Զաքարյանն էլ, կարևորելով կինոփառատոնի հասարակական և մշակութային նշանակությունն, ասել է.  «Ինձ համար շատ բարդ է հանդես գալ ժյուրիի կազմում: Այն, ինչը դուր է գալիս քեզ, դուր չի գալիս 10 հոգու, կամ հակառակը, ինչը դուր է գալիս միլիոնավոր մարդկանց, դուր չի գալիս քեզ: Փորձելու ենք գնահատել օբյեկտիվ չափորոշիչներով` թեմայի  բացահայտում, պրոֆեսիոնալիզմ,  դերասանական աշխատանք և այլն:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի մեկնարկային կինոդիտումը կկայանա   նույն օրը՝  սեպտեմբերի 7-ին,  ժամը 20:00-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆիևի  օրագրի հիման վրա նակարահանած «Պրոկոֆև. ճանապարհին» ֆիլմով:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող Սոսե միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 14ը և կամփոփովի մրցանակաբաշխությամբ: