Հայաստանն առաջին անգամ Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում կներկայանա Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ այս օրերին հաջողելու իրենց շանսերն են փորձում «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը:

Հայաստանի պատվիրակության գլխավորությամբ հայկական տաղավարի պաշտոնական բացման արարողությունից հետո Հայկական պատվիրակության ղեկավար Արսեն Բաղդասարյանն ուրախությամբ  էտեղեկացնում , որ արտերկրի հյուրերը հետաքրքրված են մեր կինոնախագծերով. «Այսօր հայկական տաղավարի օրն է, որտեղ մենք ներկայացնում ենք մեր կինոնախագծերն Ամերիկայից, Եվրոպայից և այլ երկրներից մեր տաղավար այցելող հյուրերին: Բոլորը ոգևորված են հեռանում մեր տաղավարից: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը պիտի դառնա նոր Հոլիվուդ, և մենք մեր հնարավորությունների չափով ամեն ինչ անում ենք դրան հասնելու համար»:

Կաննի հայաստանյան հանձնաժողովի պատասխանատու, ռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանն արդեն մի քանի  հանդիպումներ է ունեցել:  Ըստ նրա՝ համատեղ կինոարտադրության տեսանկյունից դրական տեղաշարժեր են նկատվում:

«Կաննը միշտ ավելին է տալիս, քան ես պլանավորում եմ: Արդեն ունենք պայմանավորվածություններից A կարգի կինոփառատոնի առաջարկ «ՍԻՆԵՄԱ» կենտրոնի երիտասարդ կինոռեժիսորների փաթեթի տակ, որ ներկայանում է նոր հայկական կինոյի տակ, դիստրիբյուտորներն էլ շատ հետաքրքրված են նոր սերնդի կինոմտածողությամբ: Ինչ վերաբերում է վաճառքին, ունենք համաձայնություն ֆրանսիական ընկերություններից մեկի հետ, գերմանական կազմակերպություններից մեկի հետ փորձում ենք տարածել «Մետամորֆոզ» ֆիլմը, իսկ մյուս տարին հռչակված է իբրև Կաֆկայի տարի, շատ մեծ հույս ունեմ, որ այդ ֆիլմն արդեն մյուս տարի մեծ էկրաններին կլինի: Այստեղ փորձում ենք զարգացնել նաև «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, որը նույնպես, հույս ունեմ, կհաջողի»,-ասել է Հովհաննես Գալստյանը: Նա նաև ասել է, որ  միշտ երազել է Կաննում ունենալ Հայաստանի Հանրապետության դրոշն ու տաղավարը: Հայկական տաղավարում այս տարի ընտրվել և ներկայացվել են այն նախագծերը, որ հեռանկարային են շուկայում, բայց որոնք ներկայացնում են երիտասարդ ռեժիսորները:

«Փոխանակում» կինոնախագծով ներկայացող ռեժիսոր Սերգո Ուստյանի կինոպատումը խաղարկային ժանրում է: Ռեժիսորը կինոշուկայի շրջանակներում համատեղ կինոարտադրության ակնկալիքով պատրաստվում է հանդիպումներ ունենալ նաև ավստրիական, բելգիական, ֆրանսիական և գերմանական կինոընկերությունների հետ:  «Ապագա» ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, գործողությունները տեղի են ունենում 90-ականների սկզբին՝ Հայաստանում և Ադրբեջանում: Նկարահանումները նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ թուրք դերասանների մասնակցությամբ: Ֆիլմը նախատեսվում է հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով: Ֆիլմում անդրադարձ կա հայ-ադրբեջանական հակամարտության թեմային: Գործողությունների որոշ մասը տեղի են ունենում Հայաստանում և Ադրբեջանում: «Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2018-ի վերջին եռամսյակում: Ամեն բան կախված է այստեղ՝ Կաննում, ձեռք բերած համագործակցությունների արդյունքներից»,-ասել  է ռեժիսորը:

«Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը» նախագծի պատասխանատու Իննա Սահակյանը փորձում է Կաննում անցկացրած օրերը հնարավորինս արդյունավետ դարձնել նախագծի համար, որը վերապատմում է Արշալույս Մարտիկյանի կյանքի պատմությունը՝ հիմնված ֆիլմի գլխավոր հերոսուհու վավերագրական հարցազրույցների և իր մասին պատմող համր ֆիլմի 20 րոպե տևողությամբ դրվագների վրա: Ֆիլմի տրամադրությունն ու գեղարվեստական ասելիքը կինոդիտողին կփոխանցվի անիմացիոն կադրերի միջոցով: Այլ կերպ ասած՝ նոր ստեղծվող ֆիլմի հիմնական գործիքը կլինի անիմացիան, իսկ պատմությունը վավերագրական է. «Շուկան նախատեսված է առաջին քայլն անելու համար: Այստեղ անցկացրած մի քանի օրերի ընթացքում հասցրել եմ շատ հանդիպումներ ունենալ: Մեծ հույս ունենք, որ այստեղից ևս որոշակի հետաքրքրություններ կլինեն»,-ասել է նա: